ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«ԲՈԼՈՐԸ ԳՈՐԾԻՔ ԵՆ, ԿԱՆ ՄԻԱՅՆ ՇԱՀԵՐ»

«ԲՈԼՈՐԸ ԳՈՐԾԻՔ ԵՆ, ԿԱՆ ՄԻԱՅՆ ՇԱՀԵՐ»
30.09.2011 | 00:00

«Իրատես de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Այսօրվա ՀԱԿ-ն ու ընդհանրապես քաղաքական ընտրանին աշխատում են ներկայիս գիշատիչ աշխարհի համակարգում: Այսինքն, կարծում են` մարդն աշխարհ է գալիս, որ հարստություն դիզի, մեկը մյուսին շահագործի, և դրա շուրջ ձևավորված է ճարպկության աշխարհ: Կարծում եմ, այդ որակի մարդն ավարտված է, և նոր աշխարհի ու մարդու անհրաժեշտություն կա: 88-ին ունեինք Հայաստան, որի սիրտը լեռներում էր: Այսօրվա Հայաստանի սիրտը սարերից իջել է: Այսօրվա լիդերները հենց այդ սարերից իջնողներն են»,- երեկ «Իրատես de facto» ակումբում քաղաքական զարգացումները խոհափիլիսոփայական դիտանկյունից ներկայացրեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ՝ հընթացս անդրադառնալով ռուսաստանյան վերջին զարգացումներին, որոնք, ըստ նրա, Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրին: Ակումբի հյուրի կարծիքով` ամենակարևոր հարցն այն է, թե ինչ «տեսակ» Պուտինի հետ գործ կունենանք՝ նախկին «գիշատիչ օրենքներով առաջնորդվողի՞», թե՞ այլ համակարգի կրողի: «Առանց այդ էլ պարզ էր, որ Մեդվեդևը պրեզիդենտական բաժնի վարիչն է, իսկ Պուտինը ռեալ ղեկավար է հռչակված հենց այսօրվանից»,- փաստեց Մանուչարյանը՝ այդ «փոխատեղման» հայկական արձագանքների առնչությամբ շեշտելով. «Հայաստանում բազմաթիվ ուժեր ուզում են այնտեղ հենարան գտնել: Հայաստանի համար հարցերի հարցն այն է, թե ով է լինելու այստեղ գիշատիչ Ռուսաստանի ծառան, ով է Ռուսաստանի անունով այստեղ զբաղվելու թալանով: Գիշատիչ աշխարհի օրենքը մեկն է՝ բոլորը գործիք են, կան միայն շահեր»:
Ինչ վերաբերում է Արևմուտքի դիրքորոշմանը, Մանուչարյանն ընդգծեց, որ բոլոր քայլերը վկայում են գործող նախագահին սատարելու մասին: Մինչդեռ կոնգրեսի վերջին հայտարարությունները, ըստ բանախոսի, հստակ ուղերձ են աշխարհին, որ ստեղծված վիճակն իրենց ձեռնտու չէ: «Ժողովուրդն ապստամբ է, նա խիստ դժգոհ է, բայց ՀԱԿ-ը կորցրեց ժողովրդի վստահությունը, կորցրեց նաև երկխոսության հնարավորությունը, քանի որ առանց ժողովրդի կամքի չի լինի ոչինչ: Խեղված աշխարհը փորձում է ապստամբ ժողովրդին հարմարեցնել իրեն, բայց այսօր Հայաստանը գնում է հնարավոր ապստամբության ուղիով»,- վստահեցրեց քաղաքական գործիչը: Իսկ հեղափոխությունը հնարավոր է, եթե, նրա հավաստմամբ, այնպիսի ուժ այն ղեկավարի, որը հաղթահարել է սեփական խեղվածությունը: Բայց այս պարագայում անգամ անհրաժեշտ են գումարներ, որոնք, ըստ բանախոսի, ներդրվելու են նաև դրսից, երբ «Հայաստանի հանդեպ սրտացավ մարդիկ հայտնվեն»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. -Աշոտ Մանուչարյանի հետ հարցազրույցը` «Իրատես de facto»-ի երեքշաբթի օրվա համարում։

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ